ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

1897-ից մինչև հավերժություն

1897-ից մինչև հավերժություն
15.03.2014 | 20:26

ՀԻՄՆԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆԸ


Ո՞վ էր Եղիշե Չարենցը, ինչո՞ւ, ինչպե՞ս էր հայտնվել այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում, ո՞րն էր նրա առաքելությունը, ինչո՞ւ էր նա գրում, և ի վերջո` ի՞նչ էր նրա գրածը, ո՞րն էր նրա գրածի նշանակությունը իր ժամանակի մեջ ու մեր ժամանակի համար: Ինչպիսի՞ն էր հայ գրականությունը նրանից առաջ ու նրանից հետո, ի՞նչ փոխվեց հայ գրականության մեջ ու հայ ընթերցողի համար:
Կարողացա՞վ նա հազարամյակների պատմություն ունեցող հայ դպրությանն ու հայ մշակույթին, հայ մարդուն աննախադեպ խոսք ասել, դարձա՞վ նրա գրականությունը համաշխարհային գրականության մաս: Հասկացա՞ն իրար` բանաստեղծն ու իր ժամանակը, բանաստեղծն ու իր ընթերցողը, թե՞ ամեն ինչ մնաց սերունդների հույսին: Իսկ սերունդների հույսն էլ իրենց նախնիների վրա է:
Եվ ընդհանրապես` պե՞տք են բանաստեղծները ժողովուրդներին ու մարդկանց, ո՞վքեր են այդ տարօրինակ մարդիկ, որ սովորական, հասկանալի ու պարզ խոսքից նախընտրում են տարատեսակ կաշկանդումներով խոսքը` հանգի, չափի, ձևի ու բովանդակության տեսակետից: Ինչո՞ւ: Ինչու՞ ու ինչպե՞ս են կարողանում ավելի ընկալելի ու ավելի տպավորիչ դարձնել հենց այդ խոսքը, որ միանգամից հասցեավորվում է մտքին, հոգուն, սրտին: Ինչու՞ են նրանք հազվադեպ մեռնում բնական մահով և միայն մահից հետո են հռչակվում հանճարեղ, թեպետ ոչ մի տող այլևս, բնականաբար, գրածին չեն ավելացնում:
Ինչու՞ են ժողովուրդներին ճանաչում ու գնահատում իրենց գրողներով, նկարիչներով, ճարտարապետներով, երաժիշտներով` արվեստագետներով, ինչպե՞ս ու ինչու՞ են նրանց ստեղծագործությունները այդքան տարբեր, եթե արվեստի նյութը մարդն է:
Գրականությունը հարցե՞ր տալու, թե՞ պատասխաններ գտնելու հնարավորություն է:
Ո՞րն է հիմնականը, ո՞րը երկրորդականը: Եվ` ո՞րն է հիմնականի հիմնականը:
Գրականությունը երկկողմանի գործընթաց է` կայանալու համար խոսքը պիտի ոչ միայն ասվի, այլև լսվի, գիրքը պիտի ոչ միայն գրվի, այլև` կարդացվի:
Եվ այդպես եղել է միշտ, թեպետ օրվա ակնհայտ ճշմարտությունները երեկ եղել են հերետիկոսություն, իսկ վաղը դարձել են ավանդույթ:
Այդպես եղել է միշտ, բայց միշտ էլ եղել են մարդիկ` բանաստեղծներ, գրողներ, նկարիչներ, ճարտարապետներ, քանդակագործներ, երաժիշտներ, որ միանգամից ավանդույթ են ստեղծել: Հետո նրանց անունով կոչվել է Ժամանակը, որ մեկնել ու ընկալելի է դարձրել նրանց իրենց ժամանակակիցների ու հաջորդների համար:
Եվ ուրեմն` Հիմնականի հիմնականը եղել ու մնում է մտքի, հոգու ու սրտի եռամիասնությունը:
Համենայն դեպս` արվեստում:
Իսկ մնացա՞ծը` ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ, ինչպե՞ս, ինչքա՞ն, ինչո՞ւ կհասկանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Իսկ Եղիշե Չարենցը այն բանաստեղծն է, ում գրականությունը պատասխանում է մեր կյանքի բոլոր, անգամ դեռ չձևավորված հարցերին: Եվ մեր մեղքն է, որ նրան պարփակել ենք հայ իրականության մեջ ու կողոպտել ենք համաշխարհային գրականությունը՝ չթարգմանելով ու օտարազգի ընթերցողին չներկայացնելով ոչ միայն հանճարեղ բանաստեղծին, այլև մեր՝ իբրև ժողովրդի մտածողության ու զգացողության այն որակը, որ քսաներորդ դարի սկզբից ունեցել ենք, տասնամյակներով օտարել ու դեռ հիմա էլ հասու ենք միայն բառերին, բայց ոչ նրանց բովանդակությանը և ոգուն: Չարենցի ժամանակը գալու է հետո:

Դիտվել է՝ 1622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ